Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի մշակութային տարվա ծրագրում բրիտանացի նկարիչների մոսկովյան ցուցահանդեսը չեղյալ է հայտարարվել: Ռուս հովանավորները հրաժարվել են այն ֆինանսավորելուց՝ ՈՒկրաինայի իրադարձությունների պատճառով Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման պայմաններում:
«Եկատերինա» մշակութային հիմնադրամը ՌԴ-ում սեպտեմբերին առաջինը պետք է ցուցադրեր YBA (երիտասարդ բրիտանացի արտիստներ) շարժման ներկայացուցիչների աշխատանքը, որը կոչվում է «Մերժելով սահմանները. բրիտանական արվեստը 1988-1998 թթ.»:
Ցուցահանդեսում պետք է ներկայացվեին Դեմիան Խերստի, Թրեյսի Էմինի, Սառա Լուկասի, Գևին Տուրկի, Ռեյչել ՈՒայտրեյդի, Սեմ Թեյլոր Վուդի և այլ նկարիչների 120-140 աշխատանքներ:
«Եկատերինա» մշակութային հիմնադրամի ղեկավարներ Վլադիմիր և Եկատերինա Սեմյոնիխները, որոնք պետք է հովանավորեին ցուցահանդեսը, որոշել են չֆինանսավորել այն Արևմուտքի՝ ՈՒկրաինայի գործերում ռուսական միջամտությունը քննադատելու պատճառով:
Բրիտանական խորհրդի և ռուս կազմակերպիչների՝ այլ հարթակ գտնելու ջանքերը հաջողությամբ չեն պսակվել: Այդ իսկ պատճառով էլ որոշվել է ցուցահանդեսի կազմակերպումը հետաձգել մինչև 2016 թ.: